Աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը․ ԿԲ-ն զգուշացնում է

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների  պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։

Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։

Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով.

  • միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing)
  • ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը:

Ուշադրություն. Եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։

ՀՀ կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին.

Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։

  • Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։
  • Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։

Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print