Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. Միրզոյան

Մարտի 18-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ ալ Հաբսիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։ 

Երկուստեք ներկայացվել են փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով:

Անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումային նպաստավոր պայմաններին՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար:

Արարատ Միրզոյանը և Սաուդ բին Համուդ ալ Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերը՝ ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print