ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ Սյունիքի մարզ այցելության շրջանակում ծանոթացել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նկատեց՝ ճանապարհին մեծ տեմպով շինարարություն է ընթանում:
«Սա փաստացի այսօր Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական միջինն այստեղ աշխատել է 560 մարդ և ավելի քան 210 միավոր տեխնիկա: Մենք մի աշխատանքային օրվա ընթացքում 60 մլն դրամի կատարողական ենք ունենում այստեղ»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա նշեց, որ այդ հատվածում նախատեսված է 2 թունել, 15 կամուրջ, որոնցից ամենա երկարը` 720 մետր երկարությամբ:
Փաշինյանը մտավ նաև առաջին թունել, որտեղ փորման աշխատանքներն արդեն ավարտված են: «Շատ տպավորիչ կառույց է»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հարցեց, թե այդ հատվածի շինարարության ավարտը երբ է նախատեսվում: Խուդաթյանը պատասխանեց, որ 2027-ի վերջին:
«Սա այն դեպքն է, որ կապալառու կազմակերպության հարցում բախտներս բերել է, իրանական կազմակերպություն է, որը շատ պարտաճանաչ ու ակտիվ աշխատում է»,-նշեց վարչապետը:
Նախարարն ասաց, որ օրացույցային գրաֆիկին համապատասխան են ընթանում աշխատանքները: Ձմեռվա ամիսներին աշխատանքները չեն դադարել:

