Իրանական «Բուշեր» ատոմակայանի ռուսաստանցի անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների տարհանման երկրորդ փուլն ավարտվել է չորեքշաբթի գիշերը։ Հայաստանի միջով դեպի Ռուսաստան է ուղևորվում 150 մարդ, հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այս գիշեր ավարտվեց մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ 150 մարդ մի քանի օր առաջ լքել են «Բուշեր» կայանը և գիշերը հատել Հայաստանի սահմանը՝ արդեն գտնվելով դեպի մեր երկիր տանող ճանապարհին։ Սա տարհանման երկրորդ փուլն է, երկրորդ մակարդակը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։
Լիխաչովը երախտագիտություն է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, ռուսական ուժային կառույցներին, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ղեկավարությանը՝ այս տարհանումն իրականացնելու համար։

