Վրաստանը կասեցրել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային ճանապարհների նախագծերը

Վրաստանի ճանապարհների վարչությունը չեղյալ է հայտարարել Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո մայրուղիների կառուցման մրցույթները։

Վրաստանի հաշվետվությունների բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսին հայտարարված մրցույթները ներառում էին ինչպես շինարարական աշխատանքներ, այնպես էլ նախագծի վերահսկողության ծառայություններ։

Փաստաթղթերում մրցույթների չեղարկման հիմնական պատճառը նշվում է գնումների գործընթացում մրցակցության ցածր մակարդակը։

Տեղեկատվության համաձայն՝ Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգետի-Սադախլո ճանապարհային հատվածները միջազգային տրանսպորտային երթուղիների՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների մաս են կազմում, որոնք Վրաստանը կապում են Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Նախագիծը ներառում էր 61.3 կիլոմետր երկարությամբ բետոնե արագընթաց մայրուղու կառուցում՝ չորս երթևեկության գոտիներով և լուսավորության համակարգով։ Բացի այդ, նախագիծը նախատեսում էր 26 կամրջի և 11 հանգույցի կառուցում։

Նախնական պլանների համաձայն՝ շինարարությունը նախատեսված էր սկսել 2025 թվականին և ավարտել փուլերով՝ 30 ամսվա ընթացքում։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB)  և Վրաստանի կառավարության համատեղ ջանքերով: EIB-ն այդ նպատակով հատկացրել է 250 մլն եվրո վարկ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print