🎦«Ագարակ» անցակետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ  ժամանած  բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով  ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ: ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները զննության արդյունքում, տարբեր թաքստոցներից` վարորդի գլխավերևի դարակներից,  բեռնատարի կցորդիչի պահեստամասերի համար նախատեսված աջ և ձախ պահոցներից, բեռնատարում առկա ներքնակից,  հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ.-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Հետագա ընթացքն ապահովելու նպատակով դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print