16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր

Կառավարությունը հաստատեց անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

Փաթեթով նախատեսվում է ներդնել կենսաչափագրական նոր համակարգ և սահմանել նույնականացման քարտի պարտադիր կիրառություն։ 

Կառավարության ապրիլի 23-ի նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց անձը հաստատող փաստաթղթերի մասին օրենսդրական նախաձեռնությունը և հարակից նախագծերը՝ ուղղված կենսաչափագրական համակարգի ներդրմանը։ 

«Փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ներդրվող կենսաչափագրական նոր համակարգին համապատասխան օրենսդրություն ունենալն է՝ մեկ միասնական օրենքում ներառելով բոլոր կարգավորումները»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր։

«Առաջարկում ենք 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, և նույնականացման քարտ ունենալու պայմաններում է միայն, որ անձը կարող է ստանալ կենսաչափագրական անձնագիր»,- ասաց նախարարը։

«6-ից 16 տարեկանների համար նախատեսում ենք կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դիտարկվելու է ծննդյան վկայականը»,- նշեց նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ նոր կարգավորումները նաև փոխում են անձնագրի և նույնականացման քարտի կիրառման տրամաբանությունը։

«Ներպետական ընթացակարգերում անձը հաստատող փաստաթուղթը պետք է լինի նույնականացման քարտը, իսկ անձնագրերը դիտարկվում են որպես ճամփորդական փաստաթղթեր»,- ընդգծեց նա։

Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է նաև օտարերկրացիների և այլ խմբերի համար կենսաչափագրական փաստաթղթերի ներդրում։

«Օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար բոլոր փաստաթղթերը ևս դառնում են կենսաչափագրական»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայում նման տվյալների հավաքագրման ֆիզիկական հնարավորություններ չկան, սակայն դրանք կստեղծվեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print