Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը հրաժարվել է հրադադարի նոր առաջարկից՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի կոչ էր արել վերաբացել Հորմուզի նեղուցը, հաղորդում է IRNA-ն։
Հրադադարի նախագիծը մշակվել էր Եգիպտոսի, Պակիստանի և Թուրքիայի կողմից և նախատեսում էր 45-օրյա դադար, ինչպես նաև նեղուցի վերաբացում։ Նախաձեռնության նպատակը ժամանակ շահելն էր՝ ավելի լայն բանակցությունների և հնարավոր երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Փաստաթուղթը կիրակի ուշ երեկոյան Պակիստանը փոխանցել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին։
IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը՝ ընդգծելով, որ նախընտրում է հակամարտության ամբողջական և մշտական ավարտ՝ իր պայմաններով։ Մինչ այս պահը Վաշինգտոնը դեռևս չի արձագանքել առաջարկին։

