Կառավարության հունվարի 22-ի նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան․ «Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը ՀՀ-ում»։ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին»։
Կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ դեկտեմբերի 17-ին:
Ընդունված լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած են ճանաչվում: Կոնցեսիոն պայմանագրի անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ուժը կորցրած է ճանաչվում: Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունն ու կոնցեսիոները միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն:
«Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թ վերջ: Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել ընդհանուր 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ, մաստերպլանը և ներդրումային ծրագիրը կներկայացվի Կառավարության համաձայնեցմանը»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
Եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է կոնցեսիոների կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով: Սահմանվում է, որ կոնցեսիոները պարտավոր է պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը և դրա պատկանելիքները վերադարձնել Կառավարությանը լիովին և լիարժեք շահագործվող վիճակում:
Նախատեսված ներդրումները պետք է իրականացվեն մինչև 2033 թ:

