Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեին

Մարտի 11-ից մայիսի 29-ը Մալթայում տեղի կունենա արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որն անցկացվում է «Մաքուր, պարզ, կտրված» (CLEAN/CLEAR/CUT)  խորագրի ներքո: Հայաստանն առաջին անգամ կմասնակցի բիենալեին։ Ազգային տաղավարը կներկայանա նկարիչ և քանդակագործ Ռաֆֆի Ետալյանի «Այն բանի ձայնը, որը երբեք չի տեսնվել» (The Sound of What Was Never Seen) նախագծով (համադրող՝ Սոնա Հովհաննիսյան): ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագիծն ընտրվել է  նախարարության 2025 թվականի հունիսին հայտարարված մրցույթի արդյունքում:

Մալթայի արվեստի 2-րդ բիենալեին ներկայացվող նախագիծը քանդակային և ձայնային ինստալյացիա է, որը հանդիսատեսին հրավիրում է խորհրդածական վիրտուալ ճանապարհորդության՝ բացահայտելու տեսանելիի և անտեսանելիի, ներկայի և անցյալի հարաբերակցությունը:

Նախագծի հեղինակը՝ արվեստագետ Ռաֆֆի Ետալյանը, Հայաստանի նկարիչների, ինչպես նաև Լիբանանի նկարիչների և քանդակագործների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները ներառում են հուշարձաններ, ինստալյացիաներ և հանրային արվեստի նախագծեր:

Արվեստագետի  որոշ ստեղծագործություններ ներառված են աշխարհի տարբեր երկրների թանգարանների մշտական ցուցադրություններում և մասնավոր հավաքածուներում։

Մալթայի բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողը Triangle of Collaboration (ToC) մշակութային կազմակերպության համահիմնադիր և ICOM-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) անդամ, արվեստաբան Սոնա Հովհաննիսյանն է։ Սոնա Հովհաննիսյանը որպես համադրող և մասնակից հանդես է եկել Հայաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում կազմակերպված ցուցահանդեսներում, հետազոտական ծրագրերում և բիենալեներում։ Նրա համադրողական գործունեության շնորհիվ արվեստի գործերը ներկայացվում և դիրքավորվում են միջազգային մակարդակում։

Այս տարի Մալթայի արվեստի 2-րդ բիենալեում ներկայացվելու է 47 նախագիծ, որոնք ընտրվել են աշխարհի 122 երկրից ստացված ավելի քան 3200 դիմումներից։ Միջոցառման մասշտաբն ընդգծվում է ազգային և թեմատիկ 29 տաղավարներով՝ բիենալեն դիրքավորելով որպես տարածաշրջանի խոշոր միջազգային մշակութային իրադարձություն։

Նշենք նաև, որ Մալթայի արվեստի 2-րդ բիենալեի Հայաստանյան տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանն է։

Մալթայի բիենալեին Հայաստանը մասնակցելու է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print