Հայաստանի պարտքը ավելացել է ոչ թե 100 տոկոսով, այլ՝ 80․ նախարար

Հայաստանի պարտքը ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել է 100 տոկոսով, այլ՝ 80 տոկոսով: Այսպես, վերջին 7 տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում՝ պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 2026-ին վերադառնալ 2018 թվականի ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1,5 տարում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2026 թվականի բյուջեն ներկայացնելիս:

«Խնայած գումարով կկարողանայինք 1,5 տարում պարտքը մարել: Ինչո՞ւ այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները և ամբիցիաներն էապես փոխվել են: Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1,5 տարում փակել 2018-ից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 2018-ի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58 տոկոսով: Եթե վերադառնայինք 2018-ի ծախսի մակարդակին, ստիպված կլինեինք պաշտպանության ծախսերը կրճատել 429 մլրդ դրամով կամ շուրջ 65 տոկոսով, կրթության ծախսերը՝ 178 մլրդ դրամով կամ 60 տոկոսով, սոցիալական ծախսերը՝ 489 մլրդ դրամով կամ 54 տոկոսով, տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերը՝ 117 մլրդ դրամով կամ 50 տոկոսով: Հիմա ինքներդ որոշեք՝ մեր պարտքը կառավարելի՞ է, և պե՞տք է հենց հիմա վերադարձնել 2018-ի մակարդակին»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print