Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության համար սուբսիդավորում կտրվի

Պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մայիսի 8-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սպանդանոցային մորթը խթանելու համար մոտիվացիոն մեխանիզմներ են մշակվել:

«Օրինակ՝ եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 11,000 դրամ է, մենք վճարում ենք 10,000 հազարը, իսկ 1000-ը քաղաքացին է վճարում, իսկ բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավորի դեպքում՝ 15 հազար դրամ, որովհետև բրուցելոզով հիվանդ անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ որոշումը մշակվել է՝ հաշվի առնելով ավստրիական փորձը:

Պապոյանը ներկայացրեց նաև գործողությունների հերթականությունը: Ըստ այդմ՝ սպանդանոցի սեփականատերը դիմում է իր համայնքին, եթե ունի էլեկտրոնային ստորագրություն, պատրաստի ձևը կա, լրացնում է այն, ստորագրում, ապա և համայնքը, և էկոնոմիկայի նախարարությունը ավտոմատ կերպով դնում են այդ ստորագրությունը: Եթե սպանդանոցի սեփականատերը չունի էլեկտրոնային ստորագրություն, պիտի տպի, լրացնի և ուղարկի էլեկտրոնային փոստով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print