«Չեսարի դարպաս» հուշարձանի տարածքը կամբողջականացվի, և կիրականացվի պետական գրանցում

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը:

Նախատեսվում է ամբողջականացնել հուշարձանի տարածքը և իրականացնել պետական գրանցում, ապահովել պահպանություն, կազմակերպել ուսումնասիրություններ և հնագիտական պեղումներ՝ պահպանված կառույցների մնացորդների ամրակայման և վերականգնման և հուշարձանի օգտագործման նպատակով ներդրումային ծրագրերի ներգրավմամբ:

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով (11.011.000 ՀՀ դրամ) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2024 թվականին իրականացրել է պեղումներ, ինչպես նաև նախարարության պատվերով 2024 թվականին մշակվել է Վայոց ձորի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 ՀՀ դրամ): Նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը: Աշխատանքները կմեկնարկեն 2026 թ.:

Չեսար Օրբելյանի իշխանական պալատը (ապարանքը) գտնվում է Վայոց ձորի մարզի Հորս գյուղի կենտրոնում: Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստավայրը։ Այստեղ գտնվում են 13-14-րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ:

Չեսար Օրբելյանը նաև շինարար էր, գործարար և հավանաբար նա է XIV դ․սկզբին կառուցել Հորս գյուղի իշխանական պալատը: 1326 թ․պալատի մոտ կառուցել է միանավ եկեղեցի, իսկ 1332 թ․Վարդենյանց լեռնանցքի բարձունքին՝ տնտեսական մեծ նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհային համակարգի Դվին-Պարտավ ճանապարհին՝ քարավանատուն։ Չեսար իշխանին է վերագրվում նաև քարավանատուն տանող ճանապարհին՝ Իջևանից և Ալձոր գետակների միախառնման վայրում գտնվող կամրջի կառուցումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print