Եվրոպայում բնապահպանական իրավիճակը վատթարանում է

Եվրոպայում բնապահպանական իրավիճակն արագորեն վատթարանում է, ինչը ազդում է անվտանգության և տնտեսության վրա և արդեն իսկ հանգեցրել է 162 միլիարդ եվրոյի կորստի՝ 2021-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) զեկույցում։

«Եվրոպան աշխարհում գլոբալ տաքացման ամենաարագ տեմպերն ունեցող մայրցամաքն է, իսկ եվրոպական կլիման փոխվում է սարսափելի արագությամբ, ինչը սպառնում է անվտանգությանը, բնակչության առողջությանը, էկոհամակարգերին, ենթակառուցվածքներին և տնտեսությանը։ Ծայրահեղ եղանակային և կլիմայական երևույթները 2000-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածում Եվրամիությանը մոտ 738 միլիարդ եվրոյի տնտեսական կորուստներ են հասցրել, ընդ որում, միայն 2021-ից 2023 թվականներին կորցվել է ավելի քան 162 միլիարդ եվրո», – ասվում է զեկույցում։

Հետազոտության հեղինակները նաև նշել են, որ 2020-ից 2023 թվականներն ընկած ժամանակահատվածի կորուստները 2.5 անգամ գերազանցել են նախորդ ողջ տասնամյակի կորուստները։ Այսպես, Սլովենիայում 2023 թվականի ջրհեղեղները հանգեցրել են ՀՆԱ-ի 16% անկման։ Ըստ Եվրոպական կենտրոնական բանկի տվյալների՝ եվրոպական ապրանքների և ծառայությունների արտադրողների 72%-ը կախված է բնական բարիքների օգտագործումից։ Financial Times թերթը մեջբերում է EEA-ի գործադիր տնօրենի խոսքերը, ըստ որոնց՝ կլիմայական խնդիրները լրջորեն սպառնում են «Եվրոպայում մրցունակությանը, բարգավաճմանը, անվտանգությանը և կյանքի որակին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print