Ակնկալում ենք Իրանի աջակցությունը «Զանգեզուրի միջանցքը» բացելու քայլերին. Էրդողան

Թուրքիան զգուշավոր կարգավորման գործընթաց է անցնում Հայաստանի հետ. այս մասին օկուպացված Արցախից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Երբ և՛ խաղաղությունը, և՛ կարգավորումը ձեռք բերված լինեն, մենք կտեսնենք, որ մեր երկրները շահում են դրանից։ Այսինքն՝ այս հարցում նվազագույն մտահոգություն չկա», — ասել է նա:

Էրդողանը նաև ասել էր, որ Թուրքիան ուրախ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն հորիզոնում է:

«Ուշադիր հետևում ենք այս գործընթացին: Մենք նույնպես անհրաժեշտ ներդրում ենք կատարում և պատրաստ ենք դա անել հետագայում: Խաղաղությունն արժեքավոր կլինի Ադրբեջանի, Հայաստանի և մեր երկրի համար», — ասել էր նա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին։

«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից: Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի և ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց», — ասել է Էրդողանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print