Հայաստանում սուր շնչառական վարակների թիվը նվազում է

Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվության նվազում, սակայն կարմրուկի համաճարակաբանական իրավիճակը մնում է անբարենպաստ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։

Նրա խոսքով` 2024 թվականի 17-րդ շաբաթում հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում նախորդ շաբաթվա համեմատ՝ 1,2 անգամ։

«Հիմնականում հիվանդանում են մինչև 18 տարեկանները, և դեպքերի 78%-ը գրանցվել է հենց այդ տարիքային խմբում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍՇՎ–ների տարածման աննշան ակտիվություն է նկատվում։ Ընդ որում, երկրում շրջանառվում է նաև ռինովիրուս, պարաինֆլուենցիա, մետապնևմովիրուս, բոկավիրուս։ Հայտնաբերվում են նաև կորոնավիրուսի դեպքեր, սակայն ակտիվություն չի նկատվում»,– նշեց Գրիգորյանը։

Նա շեշտեց, որ հանրապետությունում ներկա պահին անբարենպաստ է համարվում կարմրուկի հետ կապված իրավիճակը, քանի որ վերջին 16 տարում դեպքեր չեն գրանցվել։ Հայաստանում այդ հիվանդությունը համարվել է վերացած։

Խոսելով կարմրուկով վարակման դեպքերի մասին` Գրիգորյանը շեշտեց, որ դրանք Հայաստանում սկսել են գրանցվել 2023 թվականի մարտ ամսից։ Մասնագետն ընդգծեց, որ 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 362 դեպք` 205 երեխա, 157-ը`մեծահասակ։ Վատահեցրեց` հիմնականում հիվանդանում են չպատվաստված և թերի պատվաստված անձինք։ ՀՀ–ում կարմրուկի դեմ առաջին պատվաստումն արվում է 12 ամսականում, երկրորդ դեղաչափը` 4–6 տարեկանում։ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ 2 դեղաչափ ստանալը բավական է ամբողջ կյանքում հիվանդությունից պաշտպանված լինելու համար։

Մասնագետը պարզաբանեց` կարմրուկով հիվանդանալու դեպքում կարող են բարդություններ լինել` խլություն, կուրություն, ուղեղի բորբոքում և այլն։ ՀՀ–ում գրանցված դեպքերը հիմնականում միջին ծանրության են եղել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print