Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև կնքվել է եռակողմ մտադրությունների հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնվել են միավորել իրենց ներուժը՝ իրականացնելու շուրջ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները և նպաստել էկոհամակարգերի վերականգնմանը։
Համագործակցությունը նախատեսում է այդ թվում՝
անտառավերականգնման և անտառապատման ծրագրերի համատեղ պլանավորում,
համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ,
ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում,
իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվությունների փոխանակում,
իրազեկման և հաղորդակցման միջոցառումների իրականացում։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր չխնայել հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում։

