Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ արգելում է տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը կանանց մրցումներին։ Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն՝ հղում անելով կազմակերպության նոր քաղաքականությանը։
Նոր կանոնների համաձայն՝ Օլիմպիական խաղերում և ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող մրցումներում կանանց կարգում հանդես գալու իրավունք կունենան միայն կենսաբանական կանայք։ Սահմանվել է նաև, որ մարզիկները պետք է անցնեն հատուկ գենետիկական թեստ՝ կապված SRY գենի առկայության հետ, որը սովորաբար կապված է արական սեռի զարգացման հետ։
ՄՕԿ-ի ղեկավար Կիրստի Քովենտրին ընդգծել է, որ այս որոշումը հիմնված է գիտական տվյալների և բժշկական փորձագիտական եզրակացությունների վրա։ Նրա խոսքով՝ նույնիսկ փոքր ֆիզիկական տարբերությունները կարող են վճռորոշ լինել մրցումների արդյունքի համար, և կանանց մրցումներում «արդար մրցակցությունը» պետք է պահպանվի։
Նոր քաղաքականությունը կկիրառվի արդեն 2028 թվականի Օլիմպիական խաղերից սկսած և հետադարձ ուժ չի ունենա, այսինքն՝ չի վերաբերի նախկին մրցումներին։ Միևնույն ժամանակ, որոշ բացառություններ կարող են կիրառվել այն մարզիկների նկատմամբ, ովքեր ունեն որոշակի կենսաբանական առանձնահատկություններ, օրինակ՝ սեռական զարգացման խանգարումներ։

