Ֆինանսների նախարարը ներկայացրել է կառավարության ծրագրի 2025 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

 Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 5,5 տրիլիոն դրամ կամ 14,5 մլրդ դոլար, իսկ դրա հարաբերակցությունը ՀՆԱ-ին մնացել է վերահսկելի մակարդակում։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը ներկայացրեց կառավարության ծրագրի 2025 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 47,3%՝ պահպանվելով ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ 2025 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է հենց ներքին աղբյուրների հաշվին։ Այս փոփոխությունը նաև դրական ազդեցություն ունի՝ նվազեցրել է փոխարժեքի տատանումների ազդեցությունը պարտքի վրա։

«2025 թվականի ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցներով ֆինանսավորման 67,7%-ը, իսկ արտաքին փոխառու միջոցների հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը՝ 142 մլրդ դրամ կամ փոխառու միջոցներով ֆինանսավորման շուրջ 32,3%-ը: 2025 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2,2 տոկոսային կետով»։

Նախարարը նշեց, որ նախնական կանխատեսումներով` պարտքը պետք է գերազանցեր 50%-ը, սակայն իրականում արձանագրվել է նվազում։ Դրական ցուցանիշը, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ տնտեսության սպասվածից բարձր աճով և հարկերի ավելի մեծ հավաքագրմամբ․ «Առաջինը ՀՆԱ–ի առաջանցիկ աճն է, որը մեր պլանավորածից ավել է եղել 2 տոկոսային կետով, և նաև հարկերի հավաքագրումը, որը նույնպես ավել է եղել մեր կանխատեսածից։ Մենք պլանավորում էինք 5,5 տոկոս դեֆիցիտ, սակայն ունեցանք 3,7 տոկոս դեֆիցիտ, և սրա արդյունքում ունենք պարտքի նվազող հետագիծ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print