Պաշտոնյաների եւ նրանց ազգակիցների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին կսահմանափակվի

Կառավարությունը հունվարի 22-ին հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններին, որոնցով սահմանափակվում է պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը նշեց, որ նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ, որտեղ ամենաբարձր օղակի պաշտոնյաների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, վարչապետի և ֆինանսների նախարարի ազգակիցների ընկերություններին արգելվում է մասնակցել պետական գնման որևէ գործընթացի։

Փոխկապակցված անձինք են համարվում պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Փոխկապակցված է համարվում այն ընկերությունը, որտեղ նշված անձինք տիրապետում են կանոնադրական կապիտալի կեսից ավելիին կամ իրավունք ունեն կանխորոշելու ընկերության որոշումները։

Կարգավորումն ընդունվելուց հետո վերահսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և եթե վերջինիս եզրակացությամբ կարձանագրվի խախտում, ապա պատվիրատուն պայմանագիրը միակողմանիորեն կլուծի, իսկ ընկերությունը պատվիրատուին կվճարի պայմանագրի շրջանակներում իրեն վճարված գումարի 20 տոկոսը։

Կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print