Գորիսում ծեծից մահացած բնակչի այրին արդարություն է պահանջում

2025 թվականի հունիսի 22-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ, 54-ամյա Աշոտ Դիլանչյանը։ Մահը վրա հասավ ոչ թե հիվանդության կամ դժբախտ պատահարի, այլ՝ դաժան ծեծի հետևանքով։ Այսօր նրա այրին՝ Մարիամ Հովհաննիսյանը, դեռ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր ամուսնուն և որդուն դաժանորեն ծեծի ենթարկած անձինք շարունակում են գտնվել ազատության մեջ, իսկ նրանց արարքը որակվել է ոչ թե որպես սպանություն, այլ ընդամենը խուլիգանություն։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում կինը ասաց․ «2025 թվականի հունիսի 21-ին, ժամը 20։30-ի սահմաններում, գազալցակայանում ամուսնուս վրա հարձակվել է Անաստաս Բաբալարյանը մի խումբ անձանց հետ։ Նրանք դաժան ծեծի են ենթարկել ամուսնուս, մեր 23-ամյա որդուն ու նրա ընկերոջը։ Ամուսնուս մեծ դժվարությամբ տեղափոխեցինք Երևան, սակայն նա հաջորդ օրը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Իսկ որդիս փորձել է ընդամենը  պաշտպանել իր հայրիկին»։

Կնոջ խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հստակ է․ մահը վրա է հասել գլխին բութ գործիքով հասցված չորս հարվածների հետևանքով։ Այնուամենայնիվ, գործի ընթացքը, նրա համոզմամբ, ավելի շատ հիշեցնում է ոչ թե արդարության որոնում, այլ պատասխանատվությունից խուսափելու փորձ։

«Ծեծի ենթարկողներից երկուսին տվել են տնային կալանք, իսկ գործը որակել են խուլիգանություն։ Քննիչ Աղասի Դանիելյանը ինձ փաստացի կանգնեցրեց ընտրության առաջ․ կամ համերաշխության եկեք, կամ Տիգրանի ու Սևակի վրա հոդված եմ դնում ու գործը ուղարկում դատարան։ Արդյունքում հենց այդպես էլ եղավ»,– ասում է Մարիամ Հովհաննիսյանը։

«Ես պնդում եմ՝ ամուսնուս ծեծելով սպանել են։ Նրան հարվածել են բութ գործիքով, սակայն գործի նյութերում տեսանյութը ներկայացված է այնպես, կարծես հարվածները եղել են միայն ձեռքերով ու հեռախոսով։ Եթե իմ տղային ու ընկերոջը տվել են այդ հոդվածները ապա թող նույն հոդվածները տան նաև Սաքոյին ու Խաչատուրին, որոնք արել են այդ նույն գործողությունները։ Սա արդար քննությո՞ւն է, թե՞ իրականության խեղաթյուրում»,– հարցնում է նա։

Աշոտ Դիլանչյանի այրու պահանջը մեկն է՝ մեղադրանքը վերաորակավորել և տեղի ունեցածին տալ իր իրական անունը՝ սպանություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print