ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 4 գերիների վերադարձի մասին

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

«Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վերոնշյալ 4 անձինք Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա ՀՀ տարածքում են։

Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին. տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print