Այս անգամ համ պրեմիում կա, համ ռեգուլյար, ինչպես նաև դիզել ու էլի՝ նախնական գնահատականներով, պետք է գինը մեր իմացած շուկայականից 80 դրամ էժան լինի։ Այս անգամ էլ նույն տնտեսվարողներն են, որոնք նախորդ անգամ էին: Ես կարծում եմ, որ պետք է մեր մյուս ներմուծողները բանակցեն և իրենց մատակարարներից ավելի էժան գին ստանան, որովհետև եթե հայկական շուկայում հայտնվում է 80 կամ 100 դրամ ավելի էժան մրցակից ապրանք, բնականաբար իրենք պետք է գնան այդքանը բացատրեն իրենց մատակարարներին ու ասեն, որ մենք ևս պետք է էժան գին ունենանք: Դրա արդյունքում մեր քաղաքացին ի վերջո, այո, 80, 100 կամ 60 դրամ ավելի էժան վառելիք կունենա, որն էլ բնականաբար ազդելու է ընդհանուր բարեկեցության ու մրցունակության վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը նշեց, որ մի քանի հազար տոննա վառելիք է գալիս Հայաստան։ «Նորությունը նա է, որ միայն պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար և դիզել, մոտակա օրերին կհասնի: Եկեք այսպես անենք, դա չպետք է լինի սենսացիա՝ սենսացիան առաջինն է լինում: Ես անկեղծ ասած, այլևս այդ պրոցեսով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է և կգնա»:

