Փրկարար ծառայությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ամրապնդում են համագործակցությունը

ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունները դեկտեմբերի 12-ից 16-ը հյուրընկալել էին Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչներին և կամավորներին:

Կարմիր խաչի ներկայացուցիչները մասնակցել են մասնագիտական սեմինար-պարապմունքների, որտեղ քննարկվել են մարզերին բնորոշ քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրները, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության արդյունավետ միջոցառումները և երկկողմ փոխգործակցության ուղղությունները:

Ճանաչողական այցերի շրջանակում հրշեջ-փրկարարները կամավորներին ներկայացրել են արտակարգ իրավիճակներում օգտագործվող հատուկ գույքի և սարքավորումների առանձնահատկությունները, տեխնիկական հնարավորությունները, արտակարգ դեպքերին արձագանքման մեխանիզմները:

Կամավորները ծանոթացել են նաև մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների աշխատանքային գործընթացին, տեխնիկական ներուժին և արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգին:

Նման հանդիպումները միտված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Փորձի փոխանակումը և համատեղ աշխատանքների պլանավորումը նպաստում են հանրային անվտանգության համակարգի ամրապնդմանն ու արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքման ապահովմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print