Սյունիքի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը մեկնարկել է

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Արդեն 33-րդ անգամ, այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները:

«Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում:

«Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքն սկիզբ է առնում 2280 մետրից: Ներկայումս, այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից: Աջակցի՛ր Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Օգնի՛ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները՝ այսօ՛ր, ո՛չ թե վաղը»,-ասված է տեսաֆիլմերի ուղերձում, որը հատկապես երիտասարդ սերնդի հայրենակիցների շրջանում մեծ աջակցություն է ստացել:

Այս ուղերձին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ և իրենց նվիրաբերությունն են կատարել: Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար:

730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print