ԶՊՄԿ-ն շարունակում է նպաստել կրթության որակի բարձրացմանը

Ուսանող-գործատու կապն ավելի մոտ. արդեն  5 տարի է՝ բիզնես խնդիրների լուծման  CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է առաջարկում, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտների առաջնորդների հետ։  

Կրթությունը և գիտելիքը երկրի տնտեսության հիմքը համարելով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) ևս միացել է այս կարևոր նախաձեռնությանը՝  նպատակ ունենալով նպաստել կրթության որակի բարձրացմանը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում CaseKey նախագծի  համահիմնադիր Արշակ Կարապետյանը նշեց, որ մինչ այժմ ունեցել են  7000-ից ավելի դիմորդ և մոտ 900 մասնակից շրջանավարտ։  

«Գործընթացը մեզ մոտ տևում է մոտավորապես 9 ամիս։ Այս տարի արդեն 3-րդ միջանկյալ բիզնես խնդիրն ենք առաջադրում, որը նվիրված է «Յանդեքս Արմենիա»-ին։ Նախորդիվ մենք ունեցել ենք հենց մեր՝ CaseKey բիզնես խնդիրը և Առնո Բաբաջանյանի համերգասրահի վերաբերյալ բիզնես խնդիրը։ Երիտասարդները ստանում են խնդիրը, սահմանափակ ժամանակում պատրաստում են իրենց լուծումները և ներկայացնում են հենց բիզնեսների կամ ընկերությունների մենեջմենթին կամ սեփականատերերին»,- ասաց  Արշակ Կարապետյանը: 

Նա նշեց՝ եզրափակիչ փուլ են անցնում այն թիմերը, որոնք կիսաեզրափակիչ փուլում տարբեր   մասնագետների կողմից ստանում  են դրական կարծիքներ, իսկ եզրափակչում արդեն կորոշվի լավագույն թիմը:   

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ համագործակցում են բուհերի և CaseKey նախագծի նման նախաձեռնությունների հետ, որպեսզի Հայաստանում կրթության որակը դառնա համաշխարհային պահանջներին համապատասխան: 

«Հենց այս  երիտասարդներն են մտնելու աշխատաշուկա, դառնալու տնտեսության հիմքը, այդ թվում՝ աշխատելով նաև մեր կազմակերպությունում: Ցանկացած տնտեսական աճ, զարգացում կատարվում է, երբ  աշխատակիցների մոտ կա ստեղծագործ մտածելակերպ: Չնայած նրան, որ  շատերը ստեղծագործ մտածելակերպը ավելի շատ մշակույթի, արվեստի հետ են կապում՝ իրականում բիզնեսը և տնտեսությունը նույնպես պահանջում են  ստեղծագործ մտածելակերպ»,- ասաց Ջհանյանը: 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր սոցիալական փաթեթից ամենամեծ մասնաբաժինն ուղղում է հենց կրթության ոլորտին՝ կոմբինատում աշխատող ուսանողներին, աշխատողների ուսանող երեխաներին տրամադրելով ուսման վճարները։ Համագործակցում են նաև Հայաստանի տարբեր բուհերի հետ՝ իրականացնելով մի շարք մեծ նախագծեր: 

Մրցույթին մասնակցող ուսանողների խոսքով՝ սա շատ լավ հնարավորություն է՝ լրացնելու բուհերում առկա պրակտիկայի բացը։ Նրանք սա նաև աշխատաշուկա մուտք գործելու հիանալի  ճանապարհ են համարում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print