ՆԱՏՕ-ի հանձնառությունը խաղաղության ու անվտանգության ապահովման հարցերում կենսական նշանակություն ունի այսօրվա ՀՀ-ի համար. Անդրանիկ Քոչարյան

Երևանում սեպտեմբերի 22-ին մեկնարկել է ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և նշել. 
  
«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Ձե՛րդ գերազանցություն, պարոնա՛յք դեսպաններ,

Հարգարժա՛ն խորհրդարանականներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, որտեղ այս տարի կրկին պատիվ ունենք հյուրընկալելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարը: Ավելի քան երեք տասնամյակ առաջ ձևավորված այս կարևոր հարթակը ծառայել է ժողովրդավարական պետությունների միջև վստահության ամրապնդմանը, անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրների շուրջ համապարփակ քննարկումներին: Առաջիկա օրերին մենք բացառիկ հնարավորություն ունենք շարունակելու այդ արժեքավոր երկխոսությունը:

Հայաստանում վերջին անգամ Ռոուզ-Ռոթ սեմինարն անցկացվել է 2015 թվականին: Այսօր՝ 10 տարի անց, մենք կրկին միավորվել ենք նույն արժեքների՝ խաղաղության, կայունության և համագործակցության շուրջ: Հատկանշական է, որ այս սեմինարը Հայաստանում անցկացվում  է մի փուլում, երբ տարածաշրջանային բարդ և բազմաշերտ զարգացումները, առավել քան երբևէ, ունեն միջազգային աջակցության, փորձի փոխանակման և քաղաքական կամքի դրսևորման կարիք:

Հետևաբար, նպատակային է նաև այս օրերին մեր ուշադրության կենտրոնում գտնվելիք  թեմաների ընտրությունը.

  • խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև,
  • տարածաշրջանային աշխարհաքաղաքական մրցակցությունը,
  • ժողովրդավարության դիմակայունությունը,
  • հիբրիդային սպառնալիքները և ապատեղեկատվությունը,
  • տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվեց համատեղ հռչակագիր: Այս փաստաթղթով նոր էջ բացվեց Հարավային Կովկասի պատմության մեջ, ամրագրվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքները: 
  
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը ոչ միայն ազգային, տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության  առաջնահերթություններից է: Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված կայուն խաղաղության: Այս գործընթացի իրականացումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վերականգնման երաշխիքն է, այլև տարածաշրջանի փոխակերպման նոր հնարավորությու: 
  
Այս համատեքստում Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականը ներդաշնակվում է հռչակագրի դրույթներին՝ առաջարկելով տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի վերաակտիվացում, տնտեսական փոխկապակցվածություն ու վստահություն:  Պատմական այս հնարավորությունը պետք է օգտագործել՝ վերափոխելու  տարածաշրջանային քաղաքական միջավայրը, տնտեսական համագործակցության, առևտրի և մշակութային փոխանակումների միջոցով ամրապնդելու խաղաղությունը:

Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել գլոբալ աշխարհաքաղաքական  փոփոխությունները, որոնք ձևավորում են նոր իրողություններ՝ նոր անվտանգային մարտահրավերներով և մրցակցային օրակարգով:  Այս փոփոխությունները ոչ միայն համարժեք արձագանք են պահանջում, այլև միջազգային անվտանգության ճարտարապետության մեջ առավել խոր ինտեգրում:

Այս համատեքստում, հատկապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության առանցքային դերը: Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն ավելի քան 30 տարվա պատմություն ունեն: Երկկողմ համագործակցության սկիզբը դրվել է 1994 թվականին: «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում,  իսկ 2006 թվականից գործընկերային հարաբերությունները և տարբեր բնագավառներում համագործակցությունն իրականացվում են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողություններ՝ ծրագրի շրջանակում: Ներկայումս քննարկումներ են ընթանում համագործակցության նոր փաստաթղթի՝ «Անհատապես հարմարեցված գործընկերություն»  ծրագրի հաստատման ուղղությամբ:

Հայաստանի ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը ներառում է ռազմավարական մի շարք ուղղություններ՝ պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխումներ, կառավարման թափանցիկության բարձրացում, քաղաքացիական վերահսկողության ամրապնդում, ռազմակրթական փոխանակումներ և մասնակցություն միջազգային խաղաղապահ առաքելություններ:

Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության վրա: Հայաստանը բարձր է գնահատում այս համագործակցությունը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես պաշտպանական, այլև՝ համակարգային բարեփոխումների հարթակ, որը նպաստում է մեր երկրի անկախության ամրապնդմանը և ինստիտուցիոնալ դիմակայունությանը:

Այս հարաբերությունները հատկապես մեծ կարևորություն են ստանում այսօրվա բազմաբևեռ, անկանխատեսելի և հաճախ էլ՝ անկայուն աշխարհում՝ դառնալով անվտանգության և կայուն զարգացման կարևոր հենասյուն:

Համընդհանուր արժեքներին հավատարիմ լինելուց զատ, վստահ ենք,  կարևոր է նաև ներքին դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքը: Այս առումով, հատկապես, կարևորում ենք հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և տեղեկատվական միջավայրում տարաբնույթ մանիպուլյացիաների դեմ ակտիվ պայքարը:

Հայաստանը բախվում  է ապատեղեկատվական քարոզչության նպատակային կիրառմանը, որն ուղղված է ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության թուլացմանը, հասարակական տրամադրությունների մանիպուլյացիային և պետական քաղաքականության տապալմանը:

Այս սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում կարևորում ենք ոչ միայն հասարակական իրազեկվածության, թվային գրագիտության բարձրացումը, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կայացման խթանումը, այլև՝ քաղաքացիական պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության ոլորտներում միջազգային փորձի փոխանակումը:

Նշածս մարտահրավերների համատեքստում ցանկանում եմ հիշեցնել նաև, որ այս տարվա մայիսին Դեյթոնում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում հստակ ընդգծվեց, որ հիբրիդային պատերազմները, ապատեղեկատվությունը և կիբեռհարձակումներն այլևս ուղեկցող երևույթներ չեն, այլ՝  հիմնարար սպառնալիքներ ազգային և միջազգային անվտանգությանը: Հետևաբար, Հայաստանի մասնակցությունն այդ սպառնալիքների չեզոքացմանը ոչ միայն արդիական է, այլև՝ կենսական:

Ժողովրդավարական կայունության կարևոր նախապայմաններից է քաղաքացիական վերահսկողությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Այն պետության անվտանգության քաղաքականության նկատմամբ հանրային վստահության բարձրացման կարևոր միջոց է, միաժամանակ նպաստում է ուժային կառույցների՝ օրենքին և ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան գործելուն:

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում թափանցիկության ու հաշվետվողականության մարտահրավերները շատ են՝ պայմանավորված ոլորտի առանձնահատկություններով, ինչը բնական է ազգային անվտանգության նկատառումների տեսանկյունից:

Անշուշտ, այս հանգամանքը չպետք է վերածվի հաշվետվողականության բացակայության. մեր օրակարգում առաջնահերթ տեղ պետք է գրավեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքացիական վերահսկողության ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմներին, անվտանգության և հանրային վերահսկողության իրավունքի համատեղմանը, խորհրդարանականների, հասարակական կազմակերպությունների, անկախ փորձագիտական համայնքի դերին, այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձին:

Հուսով եմ՝ մեր առաջիկա քննարկումների ընթացքում կծնվեն արժեքավոր դիտարկումներ և գործնական առաջարկություններ, որոնք կօգնեն Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն ամրապնդել ժողովրդավարական վերահսկողությունը, այլև՝ բարձրացնել անվտանգության ոլորտում քաղաքական որոշումների որակն ու վստահելիությունը: 
  
Հարգելի՛ գործընկերներ,

Տարածաշրջանային տնտեսական համագործակցության և անվտանգության փոխկապակցվածությունը եւս առաջիկա քննարկումների կարևոր բաղադրիչն է: Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կարող է և պետք է դառնա ոչ թե բաժանարար գծերի, այլ՝ միացնող կամուրջների տարածաշրջան՝ հիմնված փոխշահավետ համագործակցության վրա: Ինչպես արդեն նշեցի, այս սկզբունքն ենք դրել «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական տեսլականի հիմքում:

Այս նպատակով անհրաժեշտ է փոխադարձ վստահության մեխանիզմներ մշակել, բաց պահել երկխոսության ուղիները և աջակցել կայունությանն ուղղված նախաձեռնություններին:

Վստահ եմ, որ Ռոուզ-Ռոթ սեմինարը ոչ միայն կխթանի փորձի փոխանակումը, այլև կնպաստի ռազմավարական կապերի խորացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Դաշինքի երկարամյա փորձը, տեսլականը և հանձնառությունը խաղաղության ու անվտանգության ապահովման հարցերում կենսական նշանակություն ունեն այսօրվա Հայաստանի համար:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին և բոլոր կազմակերպիչներին այս կարևոր միջոցառումը կյանքի կոչելու համար:

Մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք, խորքային քննարկումներ և համատեղ լուծումներ՝ հանուն խաղաղ, կայունության և զարգացող Հարավային Կովկասի:

Շնորհակալություն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print