Եվրոպական ներդրումային բանկի զարգացման ստորաբաժանումը՝ ԵՆԲ գլոբալ բանկը, 50 միլիոն եվրո վարկ է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ երկրի ամենահարավային մարզում սոցիալ-տնտեսական կարևոր նախագծերի համար։ Նոր ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի փոխվարչապետի Եվրոպական ներդրումային բանկի գլխավոր գրասենյակ կատարած առաջին պատմական այցի ընթացքում։
Հայաստանի կառավարությունը միջոցները կօգտագործի համայնքների կենսամակարդակի բարելավման և աճի խթանման համար՝ մեծացնելով հուսալի խմելու ջրի մատակարարման հասանելիությունը, ինչպես նաև բարելավելով տարածաշրջանում որակյալ կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիությունը։
Սյունիքի մարզը, որտեղ առկա են տնտեսական և ենթակառուցվածքային մարտահրավերներ, եղել է թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ Եվրամիության զարգացման ջանքերի կիզակետում։ Նախագիծը հանդիսանում է Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության մի մասը։ 2023 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի հարավային տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, որն առավելապես տուժել է 2020 թվականի ռազմական գործողություններից և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական սրացումից հետո Ղարաբաղի շուրջ 120,000 հայերի ժամանումից։
«Այսօր մեր կողմից համաձայնեցված ֆինանսավորումը Եվրոպական Միության՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման և կայունության նկատմամբ կոլեկտիվ հանձնառության հզոր օրինակ է», — ասել է ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյոն։ «Դա նշանակում է 30,000 մարդու համար խմելու ջրով ապահովում, առողջապահության և մասնագիտական վերապատրաստման բարելավում, ինչպես նաև կանանց ներառման վրա կենտրոնացում։ Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը միավորում է ԵՄ-ն, ԵՄ-ի տասը անդամ պետությունները և Շվեյցարիան, ինչպես նաև Եվրոպական վերականգնման և զարգացման բանկը։ Այն ժամանակ, երբ մենք ավելի քան երբևէ կարիք ունենք ամրապնդելու մեր գործընկերությունը, ես ամբողջ սրտով ողջունում եմ այս մոդելային համաձայնագիրը»։
«Այս ներդրումը արտացոլում է մեր անսասան նվիրվածությունը Հայաստանի կայուն զարգացմանը», — նշել է ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, որը վերահսկում է ԵՆԲ-ի գործունեությունը Հայաստանում։ «Սյունիքում կարևորագույն ծառայությունները բարելավելով՝ մենք նպաստում ենք դիմադրողականության կառուցմանը, խթանում ենք ներառական աճը և աջակցում ենք տարածաշրջանի համայնքներին՝ հաղթահարելու իրենց մարտահրավերները»։
«Այսօրվա հայտարարությունը ևս մեկ ապացույց է ԵՄ-ի հանձնառության՝ խթանելու Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական աճը Եվրոպայի թիմ մոտեցմամբ։ Դիմակայուն և ներառական հայկական հասարակությունը Դիմակայունության և աճի ծրագրի առաջնահերթություններից է, և գյուղական վայրերում ներդրումներ կատարելը կարևորագույն նշանակություն ունի համայնքների հզորացման և սոցիալական համախմբվածության խթանման համար։ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ վարկը կուղղվի Սյունիքի մարզի ավելի քան 30,000 բնակիչների համար անվտանգ խմելու ջրի հասանելիություն ապահովելուն, ինչպես նաև առողջապահական և կրթական հաստատությունների, այդ թվում՝ պոլիկլինիկաների և մասնագիտական կենտրոնների արդիականացմանն ու ընդլայնմանը։ Դիմակայուն Սյունիքը շարունակում է ծառայել որպես համոզիչ օրինակ այն բանի, թե ինչպես Եվրոպայի թիմը, տեղական գործիչների հետ սերտ համագործակցությամբ, կարող է նպաստել հնարավորությունների, ներառման և երկարաժամկետ դիմադրողականության խթանմանը», — նշել է ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը։
«Այս շրջանակային վարկային համաձայնագիրը միտված է աջակցելու զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ռեսուրսներ հատկացնելով կարևորագույն հանրային ենթակառուցվածքներին, ինչպես նաև հասցեագրելով տեղահանված բնակչության հիմնական ենթակառուցվածքային կարիքները Հայաստանի հարավային մարզում: Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան նախարարությունների և Սյունիքի մարզպետարանի միջոցով, համակարգված աշխատում է այս օրակարգը առաջ մղելու ուղղությամբ՝ տարածաշրջանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով: Բանկի նախագահի և փոխնախագահի հետ այսօրվա հանդիպումները արդյունավետ էին, և մենք կարողացանք համաձայնեցնել մեր համագործակցությունը ընդլայնելուն ուղղված հստակ հաջորդ քայլերը: Մենք շնորհակալ ենք ԵՄ-ի և ԵՆԲ-ի մեր գործընկերների պատրաստակամության համար՝ մոբիլիզացնելու ֆինանսական ռեսուրսներ և տեխնիկական փորձագիտություն՝ Դիմակայունության և աճի ծրագրում նշված նպատակներին և ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգով սահմանված համատեղ առաջնայնություններին աջակցելու համար», — նշել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

