2024 թվականին ունեցել ենք հարկային եկամուտների 5.1 տոկոս աճ կամ 117 միլիարդ դրամով աճ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ եթե փորձենք երկու մասի բաղդատել, այսինքն՝ հարկային մարմնի կողմից հավաքագրումներ և մաքսային մարմնից, առաջինի դեպքում ունենք 11.2 տոկոս աճ, որը առաջանցիկ է, քան մեր տնտեսական աճի կամ ակտիվության տեմպերն են, և երկրորդ դեպքում ունենք մոտավորապես 15 տոկոս անկում:
Վերջին տարիներին, ըստ ՊԵԿ նախագահի, երկու ոլորտ կա, որ բարձր աճի տեմպ է ունեցել՝ բանկային համակարգ և շինարարություն:
«Հավաքագրումներին արդեն մեծ տեմպ ենք հաղորդել՝ մոտավորապես 142 միլիարդ դրամով հունվար-մայիսին ավելացում կա, որը 14.4 տոկոս աճ է ենթադրում, ինչը առաջանցիկ է տնտեսական աճի տեմպերից, ինչը նշանակում է՝ հարկեր-ՀՆԱ տեսանկյունից արդեն բարելավումները սկսվել են»,- նշեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հարկ վճարողներին:
2024-ին մոտ 392 միլիարդ դրամի վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեծ մասը հիփոթեքի տոկոսագումարի դիմաց եկամտային հարկի վերադարձն է կազմում՝ այն աճել է 32 տոկոսով՝ 16,6 միլիարդ դրամով:

