«Մտածում եմ, որ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունենալը կարող է լինել գործոն, որ մարդուն առավելություն տա մրցույթներում»,- այս մասին Կառավարության ապրիլի 18-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության նիստին ներկայացրեց «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի առաջարկներից մեկը օրինապահ հարկ վճարողի հավաստագրի անժամկետ տրամադրումն է։
Տրամադրվող հավաստագրում պետք է նշվի հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը: Նիկոլ Փաշինյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց հարկ վճարողներին և շեշտեց, որ հարկ վճարելը պետության հիմքն է։ Փաշինյանը բաժակի օրինակը բերեց՝ նշելով, որ յուրաքանչյուր գնում կատարող քաղաքացի արդեն իսկ հարկ է վճարում, և կարևորն այն է, որ այդ գումարը տնտեսվարողի մոտից հասնի պետական բյուջե։

