ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն անդրադարձել է «Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին» վերնագրով՝ կայքերից մեկի հերթական հրապարակմանը՝ նշելով, որ այդ պնդումներն անհիմն են:
«Կայքն էլ, իր հերթին, այն արտատպել է սոցցանցի օգտատերերից մեկից, որն իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ և խնդրում ներկայացնել կոնկրետ տվյալներ՝ փաստերի հիման վրա հետագա ընթացքն ապահովելու համար։
Կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ ևս, սակայն, ինչպես բոլոր մյուս դեպքերում, այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկատվություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։
Ի դեպ, կհիշեք՝ անցած տարի համացանցում ինչ մեծ աղմուկ բարձրացավ և հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մխչյանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որ «աշակերտի քթին թմրանյութ են քսել» և այլն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի առկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ և ծավալների քննարկումներ չեղան։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել, իսկ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։
Նշեմ նաև, որ մեզ տրամադրած տվյալներով՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։
Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և անհիմն տեղեկություններ տարածելուց։ Անչափահասներին խնամքով պետք է վերաբերվել. յուրաքանչյուր չմտածված արտահայտություն կարող է ձևավորել պիտակավորման հիմքեր»,- գրել է Նարեկ Սարգսյանը։

