Կառավարությունը փետրվարի 26-ի նիստում որոշում ընդունեց, ըստ որի՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։
Ըստ այդմ՝ Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը․
․ 85 տարին լրացած անձինք,
· անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք,
· 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց,
· անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։
Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, քարտի փոխանցումը կազմակերպվում է առաքող կազմակերպության կամ բանկի աշխատողի միջոցով՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ։

