Կսահմանվի մեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց. «Սույն որոշման ընդունումը անհրաժեշտ է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ վերահսկողական նոր գործիքակազմ սահմանելու համար: Տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի թերի լինելու պատճառով հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ տրանսպորտային միջոցների գազաբալոնների պարբերական վկայագրման նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների ոչ պատշաճ իրականացմամբ կամ առանց վկայագրման ծառայության մատուցման: Վերը նշված` թերի մատուցվող ծառայություններով տրանսպորտային միջոցի գազաբալոնային համակարգի մասին տվյալների՝ էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով առաջարկվում է գործող կարգը լրացնել գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջով և ամրագրել գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների արտադրական բազաներում տեսագրությունների պահպանման նվազագույն ժամկետը, որն, ըստ այս որոշման, սահմանվում է 6 ամիս: Այսինքն առնվազն 6 ամսվա տեսագրությունները պետք է իրենց մոտ առկա լինեն:

ՏԿԵ նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ տարեկան տրանսպորտային միջոցի շուրջ 130 հազար գազաբալոն է ստուգվում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print