ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որն ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։ Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին։

