Սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին՝ առանձնացնելով մի քանի կարևորագույն կետեր։
Պատգամավորը նշել է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26% մասնաբաժինը՝ Հայաստանին։ Նման հարաբերակցությունը պայմանավորված է նախատեսվող ներդրումներով, որոնք իրականացվելու են ԱՄՆ կողմից։
«Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» (ընդունարան – գրասենյակ) գործառնական մոդելը»,- գրել է պատգամավորը։
Դավիթ Դանիելյանը նշել է նաև, որ ՀՀ-ն տրամադրում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը կառուցապատման իրավունք երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների, թվային ենթակառուցվածքների, օպտիկամանրաթելային ցանցերի,աջակցող ենթակառուցվածքների համար։
Ըստ պատգամավորի՝ նախատեսված ծրագրի իրականացման պարագայում Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ, միջազգային հստակ երաշխիքներով:

