Համայնքում մարզական տարին, ավանդույթի համաձայն, եզրափակվեց Կապան քաղաքի 2025 թվականի բիլիարդի առաջնությամբ։
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անցկացվող մրցաշարը նպատակ ունի ակտիվացնելու երիտասարդների առօրյան, բարձրացնելու համայնքային կյանքին նրանց մասնակցության մակարդակը, ինչպես նաև խթանելու մարզաձևի մասսայականացումն ու զարգացումը։
Նախապես հայտագրված 37 մարզիկների մասնակցությամբ մրցումներն անցկացվել են «Մոսկովյան բուրգ» խաղաձևով, որի արդյունքում էլ ձևավորվել է առաջնության հաղթողների եռյակը։ 5։0 հաշվով Կապան քաղաքի 2025 թվականի բիլիարդի առաջնության հաղթող է ճանաչվել Դավիթ Դավթյանը, ով 2022 թվականին ևս արժանացել էր հաղթողի կոչմանը։ Նա եզրափակիչ փուլում հաղթել է Արման Ավանեսյանին, ով և զբաղեցրել է երկրորդ տեղը։ Իսկ երրորդ հորիզոնականը բաժին է հասել Արման Հայրապետյանին։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները Կապան համայնքի ղեկավարի կողմից արժանացել են համապատասխան կարգի հավաստագրերի, մեդալների և համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական պարգևների: Հաղթողը արժանացել է նաև խորհրդանշական բյուրեղապակյա գավաթի։







