2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ․ որոշում

2026թ. սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500,000 դրամ, անկախ այն հանգամանքից, թե ընտանիքում որերորդ երեխան է։ Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց իր նոյեմբերի 20–ի նիստում։

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով. «Երեխայի միանվագ ծննդյան նպաստներն այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը և հինգերորդը, տրվում է տարբեր չափի աջակցություն։

Առաջինի և երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ, չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում։ Հաշվի առնելով մեր ունեցած փորձը, նաև միջազգային փորձը, և թե նաև այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միանտեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել։ Նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով, և մենք ունենում ենք նաև դեպքեր, երբ հատկապես հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար, և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու հարցում։

Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ»։

Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1–ից. «Սա էլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print