Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
Օգոստոսի 10-ին նախարար Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է սահմանային այն պահակակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։
Արփինե Սարգսյանը հետևել է ծառայությանը, ծանոթացել պայմաններին, հաղորդակցվել անձնակազմի հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։
ՆԳ նախարարը այցելել է նաև Սյունիքի մարզում ՆԳՆ ոստիկանության զորքերի տեղակայման վայր, ծանոթացել ծառայողների առօրյային, սպառազինությանն ու կենցաղային պայմաններին։
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրահանգավորմանը։
ՆԳ նախարարը դրական է գնահատել մարզի պարեկների կատարած աշխատանքը, ընդգծել նրանց ակտիվ դերակատարումը հանցավորության դեմ պայքարում, առանձնացրել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի հայտնաբերման դեպքերը։
Արփինե Սարգսյանը պարեկներին հանձնարարել է և՛ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով, և՛ հանցավորության դեմ պայքարում ծառայությունը շարունակել նույն հետևողականությամբ։
ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

