Կապանում անցկացվեց Մալոյան եղբայրների անվան հուշամրցումը

Օգոստոսի 12-ին Կապանի քաղաքային մարզադաշտում կայացել է Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային հուշամրցումը, հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Արդեն վեցերորդ տարին անցկացվող հուշամրցաշարին՝ հեռացատկ և եռացատկ մրցաձևերում պայքարել են Երևանի, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, ինչպես նաև առաջին անգամ Ֆրանսիայից, Հունաստանից, Ղազախստանից և Հոնկոնգից ժամանած մարզիկներն ու մարզուհիները։

Կանանց հեռացատկի մրցապայքարում լավագույն արդյունքը գրանցել է Յանա Սարգսյանը/Կապան/՝ ցուցաբերելով 6․04մ արդյունք, 2-րդ տեղում էր Նիկոլիս Պոուռազիդին՝ 6․02մ և 3-րդ տեղում՝ Անաստասիա Ռիպակովան 5,88մ արդյունքներով, Տղամարդկանց հեռացատկում լավագույնը Ռեյո Մայոն էր /Ֆրանսիա/, ով գրանցելով 7․68մ արդյունք՝ սահմանել է մրցման ռեկորդ։ 2-րդ տեղում Թեո Չանն էր՝ 7,42մ և 3-րդ տեղում՝ Գոռ Հովակիմյանը 7,29մ արդյունքներով։

Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Գոռ Հովակիմյանը/Արտաշատ/՝ ցույց տալով 16․21մ արդյունք, իսկ կանանց եռացատկում՝ Յանա Սարգսյանը /Կապան/՝ ցույց տալով 12․42մ։

Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով, խրախուսական նվերներով և դրամական պարգևներով։

Մրցաշարի ընթացքին հետևում էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, գործադիր տնօրեն Վահագն Ջավախյանը, Լիպարիտ և Մանվել Մալոյանների ընտանիքների անդամները։

Հուշամրցումը կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print