Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից «Россия сегодня» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Կալանավորվել է 2 անձ, ևս 5-ը՝ ենթարկվել քրեական պատասխանատվության։
Նշվում է, որ քննչական միջոցառումները շարունակվում են։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները նախօրեին գործողություն էին իրականացրել «Sputnik Ադրբեջան»-ի Բաքվի գրասենյակում։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ«Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավին ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը, չնայած 2025 թվականի փետրվարին հավատարմագրման կասեցմանը, շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա»։

