Աշխատում ենք առավելագույնս դյուրացնել տրանսպորտային շարժը հայ-իրանական սահմանին․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի բնորոշմամբ՝ հայ-իրանական սահմանին ժամանակ առ ժամանակ առաջացող տրանսպորտային խցանումները պայմանավորված են բացառապես տեխնիկական խնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ երկու երկրներն էլ ակտիվ կապի մեջ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտարարել է մամուլի ասուլիսի ընթացքում։

«Դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են։ Երկու կողմում էլ այդ տեխնիկական խնդիրները կան։ Երբեմն 300 բեռնատար գալիս է սահմանային անցակետ, և տեխնիկական պատճառներով այդ քանակության մեքենաների առկայությունը խցանումներ է առաջացնում»,-նշել է դեսպան Սոբհանին։

Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի պատկան մարմինները նման հարցերի շուրջ մշտապես կապի մեջ են, որպեսզի հնարավոր լինի երթևեկությունը դյուրացնել  ու տեխնիկական խնդիրները լուծել։

«Ինչպես Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի հետ կապի մեջ ենք, որպեսզի առավելագույնս կարողանանք դյուրացնել տրանսպորտային շարժը, և նման խնդիրներ չառաջանան։ Կարող են խնդիրներ լինել, սակայն դրանք չեն կարող որպես խոչընդոտ ներկայացվել»,-ընդգծել է Իրանի դեսպանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print