Իրան-Իսրայել ռազմական հակամարտության հետևանքով 4-րդ օրն է՝ Մեղրու սահմանային անցակետում եռուզեռ է, սակայն հունիսի 20-ին, նախորդ օրերի համեմատ, զգալիորեն նվազել է իրանցիների հոսքը։ Մեր նկարահանող խումբը կրկին աշխատել է անցակետում, ծանոթացել իրավիճակին, զրուցել ելումուտ անողների հետ։ Նրանց մի մասը վերադառնում էր հայրենիք՝ հարազատների մոտ՝ չվախենալով պատերազմից։ Մյուս մասն էլ, որ երկքաղաքացիություն ունի և, ինչպես իրենք են ասում, դոլարի խնդիր չունի, գնում է Երևան՝ այնտեղից նախընտրած երկիր մեկնելու համար։ Տեղում մեր լրագրողը հանդիպեց նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի տրամադրած ավտոբուսների, որոնք ավելի մատչելի գներով են տեղափոխում մայրաքաղաք հարևան երկրի քաղաքացիներին։







