ՀՀ անվտանգային համակարգը և մարմինները բոլոր իրավիճակների համար ունեն համապատասխան սցենարներ, այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդյոք ՀՀ-ն նախապատրաստվո՞ւմ է հնարավոր սցենարներին։ «Իհարկե, մեր անվտագային համակարգը բոլոր սցենարների համար ունի որոշակի գործողությունների պլան, այսինքն՝ մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձության զարգացման։ Տարածաշրջանում տեղի ունեցողն այնպիսի մեծ չափեր կարող է ընդգրկել, որ տարածաշրջանային երկրների համար աղետալի իրավիճակ ստեղծվի։ Իրադարձությունների զարգացումների վերաբերյալ բոլոր վարկածներն էլ քննարկում ենք և ունենք դրանց համապատասխան մշակած գործողությունների պլան»,- ասաց իշխանական պատգամավորը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Սյունիքի ուղղությամբ հարձակվելու ռիսկերին, Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման ռիսկ չի տեսնում։ Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

