ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստի ընթացքում հաստատել է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը։
Ըստ հիմնավորման՝ սպանդանոցային գործունությամբ զբաղվող տնտեսավարողները կատարել են մեծ ներդրումներ՝ ներգրավելով վարկային միջոցներ, ակնկալելով, որ գործընթացի մեկնարկի արդյունքում կստանան բավարար եկամուտ և դրանով իսկ կսպասարկեն վարկային պարտավորությունները: Սակայն պարտադիր սպանդանոցային սպանդ իրականացնելու մասին պահանջի ապահովման նկատմամբ ոչ հետևողական վերահսկողության արդյունքում վարկային պարտավորությունները չեն կատարվել, տնտեսավարողները հայտնվել են ֆինանսական դժվար կացության մեջ և ազատ գրավի առարկայի անբավարարության պատճառով հնարավորություն չեն ունեցել ներգրավել վարկային միջոցներ խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնելու համար:
Միաժամանակ, Ծրագրի շրջանակում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկեր տրամադրվում են սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումների համար։ Սակայն տնտեսվարողների մոտ խոչընդոտներ են առաջանում վարկային միջոցի ստացման համար երաշխիքների ապահովման հարցում։
Հաստատված կարգով նախատեսվում է՝ սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել բյուջետային երաշխիք՝ վարկի գումարի 70%-ի չափով: Ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ՝ առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով։
Բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել յուրաքանչյուր վարկառուի առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով՝ շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնահերթ բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով։
Միաժամանակ, շահառուներին բյուջետային երաշխիքի տրամադրման պարտադիր նախապայման է հանդիսանում՝ ծրագրի շրջանակում ձեռք բերվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալված լինելը և խոշոր եղջերավոր կենդանիների գնման գործընթացից հետո դրանց ապահովագրումը։

