Այսօր մայիսի 28-ն է, Հանրապետության տոնը: 1918-ի հենց այս օրը՝ Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:
Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը:
Հայ ժողովուրդը հերոսական պայքարով, թշնամական բազմապատիկ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել անկախությունը:
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-27-ը: Հայկական կանոնավոր զորամիավորումներն ու աշխարհազորը մարտնչում էին Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի դեմ:
Սա հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն էր։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:
Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։

