Արեւմտյան Ադրբեջան չկա եւ չի եղել․ ԱԺ նախագահ

Արևմտյան Ադրբեջան չկա ու չի եղել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանը որպես Արևմտյան Ադրբեջան դիտարկելու հռետորաբանության։

Ալեն Սիմոնյանն Ալիևի այս հայտարարությունները նորմալ է համարում, ասում է` Ալիևը փորձում է հայելային պատասխանել մեր կողմից հնչող հայտարարություններին ու քայլերին։

«Մենք էլ ենք մեր կողմից ենք տարածքային պահանջ ներկայացնում նրանց, երբ Ղարաբաղի ներկայացուցիչներն ինչ–որ նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ–որ հայտարարություններ անում։ Մենք դա չենք նկատում, սակայն դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերն ասում ենք` տեսա՞ք` ինչ արին։ Այո՛, չի եղել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի տարածքում, սակայն հարցը դա չէ, ուղղակի Ալիևը հայելային պատասխանում. նա մշտապես փորձել է ու անում է այն, ինչ իր ընկալմամբ մենք արել ու անում ենք իր նկատմամբ»,– հայտարարեց ԱԺ նախագահը։

Նա կոչ արեց բոլորին ապրել իրականության մեջ ու Հայաստանը չընկալել որպես աշխարհից կտրված մի մաս։

ԱԺ նախագահը վստահ է, որ Արցախի հայերը պետք է ինչ–որ մի օր, երբ անվտանգ լինի, վերադառնան, ապրեն իրենց տներում, մեր եկեղեցիներն էլ լավ կլինի, որ մի օր վերաբացվեն։

«Սակայն մենք քաղաքականությամբ ենք զբաղվում ու հո չենք եկել բիսետկում նստենք ու միասին բամբասենք։ Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում։ Մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Հիմա հայերը ոնց են ապրում Վրաստանում. նույն տրամաբանության մեջ»,– կարծում է ԱԺ նախագահը։

Նա համոզված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե անց Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացիա ապահովել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print