📷«Սյունյաց Քոչարի». հայ մշակույթի տոն Սյունիքում

«Սյունյաց Քոչարի». հայ մշակույթի տոն Սյունիքում՝ Գորիսում և Կապանում

Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի հիշատակի օրը՝ մայիսի 9-ին, Սյունիքի մարզը վերածվելու է հայ մշակույթի խոշոր կենտրոնի։ Գորիսում և Կապանում տեղի է ունենալու «Սյունյաց Քոչարի» խորագրով համահայկական փառատոնը՝ վերածվելով ոչ միայն պարարվեստի տոնի, այլև ազգային ինքնության վերազարթոնքի խորհրդանշական հարթակի։

Մշակութային այս մեծարժեք իրադարձությունը կյանքի է կոչվում «Ազդարար Արտ Պրադաքշնի» նախաձեռնությամբ, որի հիմնադիրներն են Զավեն Խաչատրյանն ու Ռոբերտ Մկրտչյանը։

Փառատոնի պաշտոնական մեկնարկը կտրվի մայիսի 9-ին՝ ժամը 18:00-ին, Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում։ Միջոցառումը կրում է համահայկական ընդգրկում՝ ներկայացնելով ոչ միայն ազգային պարարվեստի հարուստ ժառանգությունը, այլև նոր շունչ հաղորդելով ավանդույթներին։

Փառատոնի գործընկերներն են Գորիսի «Լիլի Նարինյան» պարային դպրոցը՝ գեղարվեստական ղեկավար Լիլի Նարինյանի գլխավորությամբ, և Կապանի «Դայմոնդ» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավար Աղուն Հովհաննիսյանի առաջնորդությամբ։

Մշակութային այս բեմահարթակին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մոտ 20 պարային խմբեր՝ շուրջ 500 պարող-պարուհիներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print