Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմի մեջ ներգրավվում են որոշ հայ բնապահպաններ և զլմներ․ Քնարիկ Հովհաննիսյան

Տարածաշրջանում երկրաշարժների ակտիվացման պատճառը Ադրբեջանի կողմից ընդերքի  դատարկումն է։  Իրենց առաջացրած խնդիրը թողած՝ մեր հանքարդյունաբերությունից են բողոքում։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հիդրոտեխնիկ-ինժեներ, գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանը։
«Իմ կարծիքով այդ երկրաշարժները տեղի են ունենում նրանից, որ ընդերքը դատարկում են, արդյունքում ընդերքում խոռոչներ են առաջանում, սկսվում է գեոպլաստերի փոփոխություն, գեոլոգիական շերտերի փոփոխություն, որն էլ հանգեցնում է նման հաճախականությամբ երկրաշարժերի։ Իրենց խնդիրներին անդրադառնալու փոխարեն՝ մեր հանքարդյունաբերությունից են խոսում»։

Նա ընդգծեց, որ բոլորովին էլ պատահական չէ, որ անդրադառնում են հենց Քաջարանի կոմբինատին։ «Սա Հայաստանի ամենախոշոր հարկատուն է ու Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմի մի մաս։ Ցավոք, այս պատերազմի մեջ գիտակցաբար կամ անգիտակցաբար ներգրավվում են մեր բնապահպանները կամ որոշ լրատվամիջոցներ։

Չկա որևէ հստակ վերլուծություն կամ ուսումնասիրություն, որը կփաստի, որ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության ավելացումը ուղիղ կապ ունի հանքարդյունաբերության հետ։ Դա անհեթեթություն է, ոչ ոք չի ապացուցել դա։ Մենք դիմել ենք անգամ առողջապահության նախարարությանը, տեղի առողջապահական հաստատություններին՝ չկա այս երկուսի միջև ուղիղ կապի առկայության մասին որևէ լուրջ գիտական հետազոտություն կամ վերլուծություն։ Երևանում Քաջարանի կոմբինատը որևէ ազդեցություն չի կարող ունենալ, ի՞նչ է՝ Երևանում հիվանդացության նվազում կա՞, նույնը կարելի է ասել մյուս բնակավայրերի մասին։ Չկա անալիզ, թվերի մշակում, որևէ մեկը նման թվերի չի տիրապետում։

Չէի ուզենա վատաբանել, բայց հաճախ կան կազմակերպություններ, որոնք գրանտ են վերցնում, ու ինչի համար ստանում են այդ գրանտը՝ հաշվետվության մեջ դա էլ գրում են։ Ես, իհարկե, դա չեմ կարող ապացուցել, բայց ես չեմ էլ տեսել վերլուծություն, որն ինձ՝ որպես անկախ փորձագետ, կարող է համոզել դրանց անաչառության մեջ։ Գրում են՝ առանց հաշվի առնելու, որ այդ հոդվածները վնասում են մեր հանրապետության իմիջին։ Հետո էլ ադրբեջանցիները դա դրոշակ են սարքում մեր դեմ։ Երբևէ տեսե՞լ եք, որ Ադրբեջանում նման բնապահպանական հետազոտություններ արվեն, ի՞նչ եք կարծում՝ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։

Վստահեցնում եմ՝ ոչ»։

Նա ընդգծեց, որ ամենևին էլ չի պնդում, որ հանքարդյունաբերությունը որևէ կերպ չի վնասում բնությանը, շրջակա միջավայրին, սակայն թշնամական երկրից հնչող պնդումները որևէ հիմք չունեն։

«Ինչ եք կարծում՝ ինչու մեզանից խլեցին Արցախը։ Դա նաև ջրային ռեսուրսի խնդիր էր, ջրային ռեսուրսի պատերազմ էր։ Գիտեք, դեռ տասնամյակներ առաջ Գերմանիայում գիտական մի միջազգային կոնֆերանսի ժամանակ լսեցի այն մասին, որ հաջորդ պատերազմները լինելու են քաղցրահամ ջրային ռեսուրսների համար։ 44-օրյա պատերազմը նույնպես ջրային ռեսուրսների, ստորգետնյա աղբյուրների համար էր»,- ասաց Հովհաննիսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print