Ապրիլի 22-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են համայնքապետարանի մամուլի ծառայությունից։
«Ողջունելով առաջին անգամ Կապան այցելած հյուրին՝ Գևորգ Փարսյանը բարձր է գնահատել համայնքապետարանի գործունեության շրջանակում ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել գրասենյակի ներկայացուցիչներին արագ արձագանքման և մինչ այժմ իրականացված համատեղ ծրագրերի համար»,-ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հատկապես Արցախից տեղահանված և համայնքում հյուրընկալված ընտանիքների խնդիրներին, համայնքում նրանց ինտեգրմանն առնչվող հարցերին ու ներկա իրավիճակին։ Մտքեր են փոխանակվել նաև աջակցության և համայնքի կարողությունների հզորացման տարբեր ուղղությունների ու առաջնային բնագավառների շուրջ։
Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել, որ տեղահանվածների խնդիրների լուծումը պահանջում է համակարգված և միասնական մոտեցում, ինչն ավելի արդյունավետ ու թիրախային կդարձնի հետագա համագործակցությունը։

