Կալիֆոռնիայում անօթևան տղամարդը 1 միլիոն դոլար է շահել Triple Red 777 վիճակախաղով. նա հաջողակ տոմսը գնել էր Սան Լուիս Օբիսպո քաղաքի Sandy’s Deli-Liquor խանութից: Այս մասին հայտնում է Կալիֆորնիայի KSBY հեռուստաալիքը։
Խանութի մենեջեր Ուիլսոն Սամանի խոսքով, գնորդը, որը տարիներ շարունակ մշտական հաճախորդ է եղել, հենց տեղում մաքրել է տոմսի վրայի ջնջվող շերտը: Սկզբում նա կարծել է, թե շահել է 100,000 դոլար, սակայն Սամանը պարզաբանել է, որ մրցանակն իրականում կազմում է 1 միլիոն դոլար։
Քանի որ հաղթողն անօթևան է և մեքենա չունի, Սամանն անձամբ է նրան մեքենայով տարել Ֆրեզնո, որպեսզի նա կարողանա տոմսը հանձնել վիճակախաղի գրասենյակ և ստանալ գումարը: Հաղթողը խոստովանել է, որ շահումը փոխել է իր կյանքը: Նա նախատեսում է այդ գումարն օգտագործել տան և մեքենայի կանխավճարի համար։

